Իրանն իր տարածքից ոչ մի թիզ չի տա․ Փեզեշքիանը պատասխանել է Թրամփին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը. Արխիվային լուսանկար
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը ստիպված կլինի պատասխանել ցանկացած պետության տարածքից իրականացվող հարձակումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իրանն իր տարածքից ոչ մի թիզ չի զիջի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը` պատասխանելով ԱՄՆ նախագահին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ հարձակումից հետո Իրանի քարտեզը կարող է փոխվել՝ տեղի ունեցողն անվանելով պատերազմ։
«Մենք նրանց թույլ չենք տա մեր երկրից նույնիսկ մի թիզ զավթել»,-ասել է Փեզեշքիանը։
Նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի երկրների հետ կապված իրավիճակի մասին իր խոսքերը սխալ են մեկնաբանվել, և թշնամին ուզում է, որ Իրանը Մերձավոր Արևելքի երկրների հետ պատերազմական վիճակում լինի։
Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը ստիպված կլինի պատասխանել ցանկացած պետության տարածքից իրականացվող հարձակումներին։
«Եթե նրանք ցանկանան հարձակվել մեր երկրի վրա և ագրեսիա իրականացնել, ապա մենք ստիպված կլինենք պատասխանել այդ հարձակումներին»,-ասել է Իրանի նախագահը։
Ավելի վաղ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը որոշում է կայացրել հարվածներ չհասցնել հարևան երկրներին, բացառությամբ այն դեպքերի, երբ հարձակումը նրանց կողմից կլինի։ Նա նաև ներողություն է խնդրել այն պետություններից, որոնք ենթարկվել են Իրանի հարվածներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանը գիշերը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմակայաններին