Իրաքի մայրաքաղաք Բաղդադում էլեկտրակայան է այրվել, պայթյուններ են լսվում օդանավակայանի մոտ, հայտնում է Sputnik Iran-ը: Ենթադրվում է, որ էլեկտրակայանում հրդեհը սկսվել է ՀՕՊ-ի ակտիվ աշխատանքի ֆոնին։ Աշխատել է ամերիկյան դեսպանատան տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգը, հաղորդում է IRNA-ն:
Ինչպես հայտնել Է Shafaq գործակալությունը, ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ մի քանի հրթիռային արկ է արձակվել: Նախնական տվյալներով՝ արձակումն իրականացվել է Բաղդադի արևելյան շրջանից։
Պայթյուններ են որոտացել նաև Բաղդադի մի քանի շրջաններում, հնարավոր վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Բացի այդ, Իրանը հարվածել է Իսրայելի Հայֆայի նավթավերամշակման գործարանին՝ ի պատասխան Թեհրանի նավթային օբյեկտներին հասցված հարվածի, գրում են տեղական ԶԼՄ-ները: Իրանընաեւ կարծր վառելիքային հրթիռների օգնությամբ հարձակվել է ԱՄԷ-ում ԱՄՆ բանակի շտաբի վրա, հայտարարել են ԻՀՊԿ-ում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: