Իսրայելն ու ԱՄՆ-ն առավոտյան հարվածել են Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանին

Իսրայելական ԶԼՄ-ները և ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրում են այրվող ինքնաթիռների կադրեր:
Sputnik
Ամերիկա-իսրայելական ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանին։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
«ԱՄՆ-ն և Իսրայելը րոպեներ առաջ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանի տարածքում իրականացրել են ամենադաժան հարձակումներից մեկը։ Լսվել է պայթյունների շարք», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Մեհրաբադը» Իրանի գլխավոր ներքին օդանավակայանն է, այն անվանում են երկրի ամենածանրաբեռնվածը։
Ընդ որում, Իրանը ևս մի քանի պատասխան հարված է հասցրել։ Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այսօր առավոտյան պայթյուններ են հնչել ԱՄԷ-ում, Բահրեյնում և Երուսաղեմում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: