ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան երկրներին կոչ է արել խաղալիք չդառնալ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքում և տարաձայնությունները լուծել համատեղ: Այս մասին նա հայտարարել է Իրանի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։
Նա ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք նույնպես հարձակման են ենթարկվել և հավաստիացրել, որ Թեհրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա:
«Ոմանք մտածում են օգտվել իրավիճակից և հարձակվել մեր հողի վրա։ Իմպերիալիզմի ձեռքում խաղալիք մի՛ դարձեք, հնարավոր է՝ մենք տարաձայնություններ ունենք, բայց Իսրայելին և ագրեսոր ԱՄՆ-ին աջակցությունը շատ վատ երևույթ է», - ասել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: