ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԳՆ-ն կառավարության գործընկերների հետ քննարկում է ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների աշխատանքից բացակայություններից խնդիրը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են նաև աշխատանքի խնդիրը, որ ՀՀ-ում գործատուներն անհագելի չհամարեն բացակայությունները, և պահպանվի բացակա օրերի աշխատավարձը։
«Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է արտակարգ ռեժիմով պատասխանել ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին»,- նշում է ԱԳՆ խոսնակը։
Մարտի 7-ի առավոտվա տվյալներով՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված հայտարարության ցանկում (ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների) գրանցվել է 183 քաղաքացի։
Մարտի 8-ին դեսպանության և գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվող դեպի Օման տեղափոխումից օգտվելու համար գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։