ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
«Այս պահի դրությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից 12 ՀՀ քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ»,– գրել է Բադալյանը։
Նա տեղեկացրել է, որ Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող 2 ՀՀ քաղաքացի, որոնց ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։
Բադալյանը նշել է նաև, որ վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով։
«Դեսպանության կողմից հետևողականություն է ցուցաբերվել համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ հետ փոխգործակցությամբ»,– ընդգծել է ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱԳՆ լրատվական ծառայությունից այսօր նաև հայտնել էին, որ 2 օրում ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է գրեթե 200 Հայաստանի քաղաքացի:
Նշենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պահպանվում են ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումները։ Ամբողջությամբ փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար դադարեցվում են թռիչքները Իսրայելի օդային տարածքով, մասամբ փակ է երկինքը ԱՄԷ-ի օդային տարածքում։ Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի ավիացիոն իշխանությունները ևս երկարաձգել են իրենց օդային տարածքի օգտագործման արգելքը: