ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Brent տեսակի նավթի գները գերազանցել են մեկ բարելի դիմաց 90 դոլարի նիշը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որում նա Իրանից պահանջել էր անվերապահ կապիտուլյացիա:
Ինչպես հաղորդում է NBC-ն, համաշխարհային շուկաներում ուժեղացել են մտավախությունները, որ հակամարտությունը կարող է ձգձգվել, ինչը կհանգեցնի նավթի համաշխարհային մատակարարումների ընդհատումների:
Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում գնանշումները կարող են հասնել մեկ բարելի դիմաց 150 դոլարի, եթե նավթով բեռնված տանկերները չկարողանան անցնել Հորմուզի նեղուցով, որտեղով անցնում է նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը: Նրա խոսքով՝ մատակարարները, որոնք դեռևս ֆորս-մաժոր չեն հայտարարել, կարող է` ստիպված լինեն դա անել առաջիկա օրերին:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր ԱՄՆ-ի, Իսրայելի և մի շարք եվրոպական երկրների նավերի համար Հորմուզի նեղուցը փակելու մասին:
Ըստ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալների՝ ԱՄՆ-ում մեկ գալոն (3,78 լիտր) բենզինի միջին արժեքը բարձրացել է գրեթե 27 ցենտով և հասել է 3,25 դոլարի:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա հունիսի վերջին՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև նախորդ սրացման ժամանակ, նավթի գինը տատանվում էր մեկ բարելի դիմաց 70-71 դոլարի սահմաններում: Նմանատիպ ցուցանիշների՝ 90-100 դոլար և ավելի, գնանշումները հասել էին ուկրաինական հակամարտության առաջին ամիսներին: