Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Զրույցը տեղի է ունեցել Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից և երկու երկրների անվտանգության խորհուրդների նիստերից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկվել է տարածաշրջանային իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
«Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Զրույցը տեղի է ունեցել Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից և երկու երկրների անվտանգության խորհուրդների նիստերից հետո։
Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մարտի 5-ին Նախիջևանում ընկած անօդաչու թռչող սարքերն արձակվել են Իրանի տարածքից, տուժել է 4 մարդ: Ալիևըդրոնիհետ կապված միջադեպը որակել Է ահաբեկչություն և հայտարարել, որ Իրանը «պետք է ներողություն խնդրի»:
Իրանը հերքել է Բաքվի մեղադրանքները. Իրանի ԱԳ նախարարը հնարավոր է համարել, որ դա կարող էր Իսրայելի սադրանքը լինել և կոչ է արել հետաքննություն անցկացնել: