Մասյացոտնի թեմի պառակտում չկա. 23 հոգևորականից 19–ն թեմի առաջնորդի կողքին ենք,. տեր Գրիգոր

Sputnik
Մասյացոտնի թեմի պառակտում չկա. 23 հոգևորականից 19–ը այսօր միասնաբար մեր թեմի նոր առաջնորդի կողքին են, հուսամ` մյուսներն էլ մի օր կմիանան մեզ։ Միասնական աղոթքից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։
Նա պատմեց, որ նախկին առաջնորդ Գևորգ սրբազանի (Արման Սարոյան) հետ հանդիպել է մինչև նրա կարգալույծ լինելը։
«Երբ ինքն էդ էդ թևին հարեց, մի հանդիպում ունեցել եմ, և էդ հանդիպմանը ժամանակ ես հստակ ասել եմ՝ Դուք էսօրվա դրությամբ իմ առաջնորդն եք, ես որպես առաջնորդ հնազանդվում եմ Ձեզ, բայց ձեր ընթացքը ես չեմ կիսում, ես հակառակ ընթացքի մեջ եմ և հակառակ դիրքորոշում ունեմ»,–ասաց տեր Գրիգորը։
Հիշեցնենք` հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից: Գևորգ սրբազանը մեկն է այն 10 հոգևորականներից, որոնք միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին 2–րդի դեմ տարվող արշավին ու պահանջում են վեհափառի հրաժարականը:
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Չարին չարով չենք պատասխանելու. Ռուբեն վարդապետի քարոզը Դալարի եկեղեցում