ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին, հետաքննության նախնական տվյալներով, հարված է հասցրել ԱՄՆ–ի զորքը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանում գտնվող «Շաջարեհ Թայեբեհ» աղջիկների կրտսեր դպրոցը հարձակման էր ենթարկվել փետրվարի 28-ին՝ հակամարտության առաջին օրը։ Իրանի իշխանությունները հարձակման համար մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին։ Իրանական կողմի տվյալներով՝ դպրոցում 7-12 տարեկան 171 աղջիկ և մի քանի ուսուցիչ է զոհվել։
«ԱՄՆ ռազմական հետաքննիչները հավանական են համարում, որ ամերիկյան զորքն է պատասխանատու աղջիկների իրանական դպրոցի վրա ենթադրյալ հարվածի համար, որի հետևանքով տասնյակ երեխաներ են զոհվել, սակայն վերջնական եզրակացության նրանք դեռ չեն եկել, հետաքննությունն ավարտված չէ»,– գործակալությանը հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։
Գործակալությանը չի հաջողվել ավելի մանրամասն տեղեկություն ստանալ հետաքննության վերաբերյալ, այդ թվում՝ ինչ ապացույցներ են եղել նախնական գնահատականի հիմքում, ինչ զինամթերք է օգտագործվել, ով է պատասխանատվություն կրում, և ինչի համար կարող էր ԱՄՆ–ն հարվածել դպրոցին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: