ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4 տարի 6 ամսվա ազատազրկման նացիզմի արդարացման գործով: Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Դատարանը նաև արգելել է Մարգարյանին չորս տարի զբաղվել ինտերնետային կայքերի ադմինիստրացիայով: Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։
Գործը քննվել է հատուկ կարգով, քանի որ մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է մեղքը։ Այս դեպքում դատարանը չի ուսումնասիրում գործով ապացույցները, այլ հաշվի է առնում խոստովանությունը և մեղմացնող հանգամանքները:
Դատավարության ընթացքում դատարանն ուսումնասիրել է ամբաստանյալի անձը բնութագրող նյութերը: Մարգարյանն ամուսնացած է և ունի երկու մանկահասակ դուստր, որոնցից մեկը ծնվել է մարտի սկզբին։ Բլոգերը խնդրել է հաշվի առնել, որ ինքն է ընտանիքի՝ կնոջ, երեխաների, ինչպես նաև մոր ու տատի կերակրողը։
Գործի նյութերը պարունակում են նաև բարեգործական կազմակերպությունների շնորհակալագրեր՝ որբերին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, ռազմական հատուկ գործողության մասնակիցներին և մարտական գործողություններից տուժածներին օգնելու համար:
«Մեղքն ամբողջությամբ ընդունում եմ։ Կցանկանայի ներողություն խնդրել յուրաքանչյուրից, ում զգացմունքները վիրավորվել են։ Ես հասկանում եմ, թե ինչու եմ այդ ժամանակն անցկացրել մեկուսարանում։ Ուզում եմ լինել հասարակության լիարժեք և օգտակար անդամ։ Ներողամտություն եմ հայցում, այս դատավճիռը կարող է կործանել իմ երեխաների կյանքը», - դատարանում հայտարարել է Մարգարյանը։
Դատախազությունը միջնորդել էր բլոգերին նշանակել 6 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում՝ հայտարարելով, որ նրա ուղղումը հնարավոր է միայն հասարակությունից մեկուսացման պայմաններում, քանի որ կատարված հանցագործությունը վտանգ է ներկայացնում հասարակության համար:
Պաշտպանական կողմն իր հերթին դատարանին խնդրել էր սահմանափակվել ազատությունից զրկելու հետ չկապված պատժով՝ տուգանքով կամ պայմանական ժամկետով։ Փաստաբանը նաև նշել էր, որ համացանցից օգտվելու արգելքը Մարգարյանին և նրա ընտանիքին կզրկի եկամտի աղբյուրից:
Քննության տվյալներով՝ 2025 թվականի մարտին Մարգարյանը տեղադրել էր հայրենիքի պաշտպանների հիշատակին վիրավորանք պարունակող տեսագրություն, որտեղ, մասնավորապես, արհամարհական վերաբերմունք էր ցուցաբերել Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի հիշատակի և նրա սխրանքի նկատմամբ։ Բացի այդ, բլոգերը տեսանյութ էր հրապարակել, որում, ըստ հետաքննության, արդարացնում էր ազգային պատկանելության պատճառով մարդկանց ոչնչացման հետ կապված նացիզմի գաղափարախոսությունն ու գործունեությունը։