Վրաստանի հետ տրանսպորտային հարցերի շուրջ եկել ենք կոնկրետ եզրակացությունների. Փաշինյան

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր` արդյոք Փաշինյանը Վրաստան այցի ժամանակ բարձրացել է հայ–վրացական սահմանին սպասող հայ արտահանողների ավելի քան 100 բեռնատարների հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունները վրացական կողմի հետ քննարկել են թե տնտեսական, թե քաղաքական, թե տրանսպորտային բոլոր հարցերը և եկել կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների` աշխատանքի հետագա կազմակերպման համար։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր` արդյոք Փաշինյանը Վրաստան այցի ժամանակ բարձրացել է հայ–վրացական սահմանին օրերով, ամիսներով սպասող հայ արտահանողների ավելի քան 100 բեռնատարների հարցը, որոնք սահմանը հատելու և Հայաստան հասնելու համար հաճախ կաշառք են վճարում։

Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ նա ոչ թե հարց է տալիս, այլ սադրանք անում և խնդիրներ ստեղծում ու Դանիելյանին կոչ արեց` դիմել իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք, որ հայ տարբեր արտահանողների ավելի քան 100 բեռնատար, որոնք հիմնականում բեռնված են շինանյութերով, փետրվարի 12-ից մնացել էին Վրաստանի տարածքում։ Բեռնատարները կանգնեցվել են Կոբի քաղաքի տերմինալում (TIR-պարկ), որը գտնվում է «Վերին Լարս» անցակետի մոտ (Կազբեգ): Վարորդները պնդում էին, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն ունեցել. ձգձգման պատճառների հստակ բացատրություն վրացական կողմն իրենց չի տրամադրել:
Հավելենք, որ այսօր Թբիլիսիում անցկացվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը երկու երկրների վարչապետների մասնակցությամբ։