ՌԴ-ն հայտնել է Միջերկրական ծովում «Արկտիկ Մետագազ» գազատար նավի վրա հարձակման մասին

Նախարարությունում ընդգծել են, որ կատարվածը չպետք է մնա առանց միջազգային հանրության գնահատականի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսական «Արկտիկ Մետագազ» գազատար նավը մարտի 3-ին հարձակման է ենթարկվել Միջերկրական ծովում՝ Մալթայի տարածքային ջրերի մոտակայքում։ Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նավը Մուրմանսկի նավահանգստից տեղափոխում էր միջազգային պահանջներին համապատասխան ձևակերպված բեռ։ Ըստ հաղորդման՝ հարձակումն իրականացվել է Ուկրաինայի առանց անձնակազմի մոտորանավերի միջոցով՝ Լիբիայի ափերից։
Միջադեպը տեղի է ունեցել Մալթայի տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ։
Հեղուկացված բնական գազ տեղափոխող նավը հարձակման հետևանքով այրվել է, սակայն մարդկային զոհերից հաջողվել է խուսափել Մալթայի և Ռուսաստանի փրկարարական ծառայությունների համակարգված գործողությունների շնորհիվ․ անձնակազմի բոլոր 30 անդամները (ՌԴ քաղաքացիներ) փրկվել են։
«Տեղի ունեցածը որակում ենք որպես միջազգային ահաբեկչության և ծովահենության ակտ, միջազգային ծովային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն խախտում»,-հայտարարել են նախարարությունում։
ՌԴ տրանսպորտի նախարարությունը նաև շեշտել է, որ կատարվածը չպետք է մնա առանց միջազգային հանրության արձագանքի։
Diaplous ծովային անվտանգության ընկերության տվյալներով՝ տանկերը հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 04.00-ի սահմաններում, ինչից հետո նավի վրա բազմաթիվ պայթյուններ են որոտացել։