Փաշինյանը Կոբախիձեի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր

Փաշինյանի և Կոբախիձեի հանդիպումը
Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն առանձնազրույց են ունեցել և քննարկել երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։
«Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը։
Հավելենք, որ Փաշինյանը մարտի 3–ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Մինչ Փաշինյանի մեկնելը մարտի 2-4-ը Թբիլիսի ՀՀ-ից պատվիրակություն է գործուղվել։
Պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար Սասուն Հովհաննիսյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանն ու մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։