ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում նշել է գերատեսչության աշխատանքի հիմնական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ մի շարք ուղղություններով կառույցի գործունեությունը համադրելի է մարտական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Պուտինը առանցքային խնդիր է համարել կոռուպցիայի դեմ պայքարը՝ նշելով նման դրսևորումներին կոշտ արձագանքելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազգային նախագծերին ուղղվող միջոցների պաշտպանությանը. դրանք պետք է պաշտպանված լինեն գողություններից և ոչ նպատակային օգտագործումից:
ՌԴ նախագահը նաև կոչ է արել ակտիվացնել հակազդեցությունը տնտեսական հանցագործություններին, այդ թվում՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրում և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, ուժեղացնել պայքարը թմրաբիզնեսի դեմ և հաշվի առնել ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների աճը 2025 թվականին:
Նախագահն առանձին անդրադարձել է անօրինական միգրացիայի թեմային։
«Անօրինական միգրացիայի դեմ պայքարը պետք է բարձրացվի նոր մակարդակի», - ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ ՆԳՆ կառուցվածքում միգրացիոն ծառայության ստեղծումն արդեն արդյունքներ է տալիս:
Գերատեսչության ներքին խնդիրներից նա առանձնացրել է անձնակազմի էական չհամալրվածությունը։ Դրա հաղթահարման համար, երկրի ղեկավարի խոսքով, որոշումներ են ընդունվել աշխատակիցների նյութական և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման վերաբերյալ:
«Այդ կապակցությամբ մի շարք որոշումներ են ընդունվել, և դրանք երաշխավորված կկատարվեն՝ սկսած արդեն ընթացիկ տարվանից», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ արտաքին մարտահրավերների և մասշտաբային խնդիրների պայմաններում ՆԳՆ աշխատանքը համազգային նշանակություն է ստանում: