Իրանը հերքել է լուրը, թե պատրաստվում է ԱՄՆ–ի հետ քննարկել հակամարտության դադարեցումը. ԶԼՄ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո ԿՀՎ-ին միջնորդավորված ազդանշան է ուղարկել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իրանում հերքել են ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո ազդանշան է փոխանցել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարության աղբյուրին։
Ավելի վաղ «New York Times» թերթը հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածներից հետո ԿՀՎ–ին միջնորդավորված ազդանշան է ուղարկել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին:
Գործակալության աղբյուրը նաև հայտարարել է, որ Իրանը չի կասկածում «թշնամուն պատժելու» իր մտադրությունների վրա, իսկ հրապարակումը, որը «Tasnim»–ի զրուցակցի կարծիքով, «արտահոսք» է, վկայում է ռազմական ոլորտում ամերիկացիների աճող թուլության զգացողության մասին»:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: