Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա «ոչնչացման անվերապահ թիրախ». Իսրայելի ՊՆ ղեկավար

Նախարարը հանձնարարել է բանակին նախապատրաստվել և ձեռնարկել բոլոր միջոցները այդ խնդիրը կատարելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի- Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա իսրայելական բանակի ոչնչացման թիրախ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։

«Իրանական ռեժիմի կողմից նշանակված ցանկացած առաջնորդ դառնալու է վերացման անվերապահ թիրախ»,- հայտարարել է Կացը։

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակին հրահանգել է պատրաստվել և ձեռնարկել բոլոր միջոցները այդ խնդիրը կատարելու համար:
Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: