ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Այսօր առավոտյան հատուկ չվերթով Լիբանանից Հայաստան են վերադարձել «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները։ Այս մասին հայտնում է Լիբանանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը Հայաստան կվերադառնա ժամկետից շուտ՝ պայմանավորված տարածաշրջանում լարված իրավիճակով։
««Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ»,- հայտնում է դեսպանությունը։
Խոսքը 87 անձի մասին է՝ նվագախմբի անդամները և ուղեկցող անձնակազմը։
Դեսպանությունից նաև նշում են, որ գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիները ցուցակագրվել են տվյալ չվերթով Հայաստան մեկնելու նպատակով։
«Երևան» նվագախմբի երեխաները Բայրութից վերադարձել են հատուկ չվերթով
© Photo : Embassy of Armenia to Lebanon
«Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանում:
Իր հերթին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիափոխադրողին՝ մեր երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար: