Ձերբակալվել է Կիևի լրտես, որը տեղեկություններ է հաղորդել Ղրիմում ՌԴ ԶՈւ-ի մասին. ԱԴԾ

Ձերբակալվածը հայտարարել է, որ 2023 թվականի ապրիլին տվյալներ է փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգի, ռադիոլոկացիոն կայանների և Սևաստոպոլի ծոցի պատնեշների վերաբերյալ:
Sputnik
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Ղրիմի Բախչիսարայի շրջանում 1988 թվականին ծնված ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին, որը կասկածվում է ուկրաինական հատուկ ծառայություններին ՌԴ զինվորականների, սպառազինության և տեխնիկայի տեղակայման վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը Telegram-ի միջոցով կապ է հաստատել ուկրաինական հետախուզության ներկայացուցչի հետ և տեղեկություններ է փոխանցել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների տեղակայման մասին, ինչպես նաև աջակցություն է հայտնել Ուկրաինային ու կոչ է արել դիվերսիոն գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ:
Նրա նկատմամբ հարուցվել են քրեական գործեր պետական դավաճանության և ահաբեկչական գործունեությանը օժանդակելու հոդվածներով։ ԱԴԾ-ն հստակեցրել է, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական հատուկ ծառայություններին օգնություն ցուցաբերելու փորձերի կանխման արդեն վեցերորդ դեպքն է։
ԱԴԾ-ի հրապարակած տեսանյութի համաձայն՝ ձերբակալվածը հայտարարել է, որ 2023 թվականի ապրիլին տվյալներ է փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգի, ռադիոլոկացիոն կայանների և Սևաստոպոլի ծոցի պատնեշների վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր ևս մեկ անձի ձերբակալության մասին, որի փոխանցած տեղեկություններով հետագայում հարվածներ էին հասցվել Ղրիմի օբյեկտներին: