ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԵՊՀ-ից հեռացված դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանը դատարանի որոշմամբ վերականգնվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտի պաշտոնում: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ-ից հեռացված դասախոսը Սահակ Մանուկյանը դատական կարգով վիճարկելու է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը։
«Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»,– գրել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականին հոկտեմբերի ԵՊՀ դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանին ազատել են աշխատանքից ռեկտորի հրամանով։ Ավելի ուշ պարզվեց, որ հեռացման պատճառն այն է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրը (Մանուկյանի ուսանողներից է- խմբ․) լուսանկարել է դասախոսության ժամանակ Մանուկյանի կողմից գրատախտակին գրվածը։ Լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին էլ հետևել է Մանուկանի հեռացումը։
Ազատման պատճառը «ներքին կարգապահական կանոնները խախտելն էր, որը հանգեցրել էր աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորստի»։