ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ զինված ագրեսիայից հետո, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել են տարածաշրջանի զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված զինված ագրեսիայի ֆոնին։ Ընդգծվել է, որ նման գործողությունները խաթարում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և ծանր հետևանքներ ունեն ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս դիրքորոշումը Ռուսաստանի ներկայացուցիչը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում», - նշված է նախարարության կայքում։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: