ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախմումբը Հայաստան կվերադառնա ժամկետից էականորեն շուտ՝ պայմանավորված տարածաշրջանում լարված իրավիճակով։ Այս մասին «Ֆեյսբուքում» հրապարակված տեսանյութում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նվագախումբը հանդես էր գալիս Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Մեր նվագախումբը շատ տպավորիչ ելույթներ է ունեցել միջազգային աստղերի հետ համատեղ: Բայց, հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը, մենք որոշում ենք կայացրել մեր երեխաներին, մեր նվագախումբը վերադարձնել Երևան ժամկետից էականորեն ավելի շուտ: Եվ ինտենսիվ կապի մեջ ենք Լիբանանում մեր դեսպանի և լիաբանանյան ազգային ավիափոխադրողի հետ, որ ավիափոխադրումը կազմակերպենք ժամկետից էականորեն շուտ»,-ասաց Ավինյանը:
Նա վստահեցրեց՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակին, այնուամենայնիվ երեխաները Բեյրութում լավ ժամանակ են անցկացնում։
Քաղաքապետը զրուցել է գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, որը վստահեցրել է, որ երեխաները լավ են, ապահով ու բարձր տրամադրությամբ։ Ավինյանը հորդորեց ծնողներին չանհանգստանալ, քանի որ քաղաքապետարանը ամենժամյա ռեժիմով զբաղվում է այդ հարցով:
Երևանի քաղաքապետը շեշտեց՝ մշակույթի վարչությունը ծնողների հետ ինտենսիվ կապի մեջ է լինելու:
Հիշեցնենք, որ «Երևան» երիտասարդական նվագախումբը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Այն ՀՀ մայրաքաղաքն արդեն ներկայացնում է միջազգային հեղինակավոր բեմերում։ Նվագախումբը գլխավորում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Այս օրերին նվագախումբը Բեյրութում է՝ մասնակցելու Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին։