Նիկոլ Փաշինյանը 2 օր Վրաստանում կլինի

Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագիտական հանդիպմանը մասնակցելու համար ՀՀ-ից մեծ պատվիրակություն է գործուղվել Թբիլիսի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 օրով աշխատանքային այցով կլինի Վրաստանում ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունենալու 2 երկրի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագիտական հանդիպումը։
Հանդիպումից հետո վարչապետերը լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություններ կանեն։
Նշենք, որ մինչ Փաշինյանի մեկնելը մարտի 2-4-ը Թբիլիսի ՀՀ-ից պատվիրակություն է գործուղվել։
Պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար Սասուն Հովհաննիսյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանն ու մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Պատվիրակության անդամները վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: