ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Օմանում ՀՀ դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել գործընթացների դյուրացման հարցում, այդ թվում՝ սահմանի անցման, թռիչքների թույլտվության մասով և օդանավակայանում»,- նշեցին գերատեսչությունից։
Չվերթը կոմերցիոն է։
Մարտի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Մարտի 3–ին Մասկատ-Երևան թռիչքով արդեն Երևան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: