ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Սյունիքի մարզի բնակիչները ծաղիկներ և խաղալիքներ են տանում Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության մոտ` ի հիշատակ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների ժամանակ զոհված երեխաների։ Այս մասին տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց, որ վերջին օրերին հյուպատոսություն են այցելել բազմաթիվ բնակիչներ, հայրենակիցներ և մշակութային գործիչներ։
«Այսօր մեզ մոտ էին եկել դպրոցականներ և ուսուցիչներ։ Նրանք փափուկ խաղալիքներ և ծաղիկներ էին բերել՝ ի հիշատակ մահացած աշակերտուհիների», - նշեց նա։
Տեղական իշխանությունները պետք է երեկ այցելեին գլխավոր հյուպատոսություն, սակայն Վարամինի Կապանից բացակայության պատճառով (նա այցելել էր սահման), նրանք հետաձգել են իրենց այցը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ դիվանագիտական ներկայացուցչությունում բացվել է նաև սգո մատյան։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: