ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավարտել է Իրանում ռազմական թիրախների ուղղությամբ հարվածների շարքը՝ գրոհելով զենքի և բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտները։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ իսրայելական ՌՕՈւ-ն, առաջնորդվելով ճշգրիտ հետախուզական տվյալներով, հարվածներ է հասցնել իրանական վարչակարգին պատկանող թիրախներին Թեհրանում և Իրանի կենտրոնական մասում՝ Սպահանում։ Իրանի ողջ տարածքում հասցված հարվածների ընթացքում ՑԱԽԱԼ-ի ուժերը գրոհել են արդյունաբերական օբյեկտները, որոնք իրանական վարչակարգն օգտագործում է զենքի, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների արտադրության համար, որոնք սպառնալիք են ներկայացնում Իսրայել Պետության գոյության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 28–ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ ռազմական գործողություն են սկսել ԻԻՀ-ի դեմ։ Թել Ավիվում հայտարարել են, որ հարվածների նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ունենալ։ Թրամփն իր հերթին հայտարարել է իրանական նավատորմը և պաշտպանական արդյունաբերությունը ոչնչացնելու մտադրության մասին, ինչպես նաև երկրի քաղաքացիներին կոչ է արել տապալել վարչակարգը։
Փետրվարի 29–ին իրանական հեռուստատեսությունը հայտարարեց գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Իրանական «Կարմիր մահիկի» տվյալներով՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 787 մարդ։
Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ հրթիռները դիպչում են ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներին ինչպես Իրանում, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներում։ Թեհրանն ի պատասխան գրոհում է իսրայելական տարածքը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան ոչնչացրել է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջընթացը։ Նախագահը կողմերին կոչ է արել վերադառնալ երկխոսությանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան հնարավոր ամեն ինչ կանի տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար։