ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իրաքը կասեցրել է նավթի արդյունահանումը Ռումեյլա հանքավայրում, որը խոշորագույնն է երկրում և խոշորագույններից մեկը՝ աշխարհում: Այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանում տեղակայված Shafaq News գործակալությունը:
Որոշումն ընդունվել է նավթի արտահանման հետ կապված բարդությունների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով:
Տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար Բասրայից դեպի արևմուտք գտնվող Ալ-Զուբեյր շրջանում Իրաքի բանակի ստորաբաժանումներ են տեղակայվել՝ զրահատեխնիկայով, նրանք հսկողության տակ են վերցրել նավթային օբյեկտները:
Ինչպես նշում է Oil Price պարբերականը, Ասիայի նավթավերամշակման գործարանները, որպես կանոն, հումքի մոտ երկու շաբաթվա պաշարներ են ունենում: Եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը երեք շաբաթից ավելի տևի, ձեռնարկությունները ստիպված կլինեն կրճատել վերամշակման ծավալները, հատկապես այլընտրանքային մատակարարումների բացակայության դեպքում:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: