Իրանի միջուկային օբյեկտի շենքերը վնասվել են. CNN-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել

Այս պահին Իրանից կամ ՄԱԳԱՏԷ-ից որևէ մեկնաբանություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի մի քանի շենքեր վնասվել են ամերիկա-իսրայելական հարձակումներից հետո։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Vantor ընկերության արբանյակային լուսանկարներին։
Արբանյակային լուսանկարները
Նշվում է, որ այդ կառույցները կարող էին ծառայել որպես աշխատողների և տրանսպորտային միջոցների մուտքի կետեր դեպի օբյեկտի ստորգետնյա կառույցներ։ Այս պահին Իրանից կամ ՄԱԳԱՏԷ-ից որևէ մեկնաբանություն չկա։
Մարտի 2–ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալությունը չի տեսնում Իրանի որևէ միջուկային օբյեկտի, այդ թվում՝ Բուշերի ԱԷԿ–ի վնասման կամ հարձակման որևէ նշան։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: