Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին կհուղարկավորվի հայրենի Մաշհադում. ԶԼՄ

Հաղորդվում է նաև, որ Խամենեիի հրաժեշտի արարողությունը նախատեսվում է անցկացնել Թեհրանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, որը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, կհուղարկավորվի իր հարազատ Մաշհադ քաղաքում՝ երկրի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
«Զոհված գերագույն առաջնորդի մարմինը կհուղարկավորվի սուրբ քաղաք Մաշհադում»,-ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Խամենեիի հրաժեշտի արարողությունը նախատեսվում է անցկացնել Թեհրանում: Արարողության մանրամասները, ներառյալ ժամը և ծրագիրը, կհայտարարվեն ավելի ուշ, երբ դրանք հաստատեն Իրանի իշխանությունները:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: