ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձավ ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Տղամարդկանց թիմը (Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան) դարձավ թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: Կանանց թիմը երկրորդն է (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան):
Շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը (370 միավոր):
Շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի կանանց հավաքականը երկրորդն էր։
© Photo : Armenian shooting federation
Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):
Ավելի վաղ շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել էր արծաթե մեդալի, շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում ոսկի մեդալ էր նվաճել ու 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիլիթ Մկրտչյանը, շարժվող թիրախ նորմալ վազքի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկի ու արծաթ էին նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԵԱ առաջնության հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։
Մրցումները մեկնարկել են մարտի մեկին և կտևեն մինչև մարտի 5-ը: Հայաստանը 26 մարզիկ է ներկայացնում։