Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանին և ԱՄԷ–ին

ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Օմանի գործընկերոջ հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկել է Օմանի Սուլթանության արտգործնախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մարտի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Մարտի 3–ին Մասկատ-Երևան թռիչքով արդեն Երևան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի։
Կայացած հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը:
«Միրզոյանը Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով առկա ներուժի լավագույնս իրացման հարցում Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման նշանակությունը: