Ուժեղ Հայաստանի գոյությունն օգնում է ապահովել նաև Իրանի ազգային ձգտումները․ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպանը վստահություն հայտնեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարի Երևանը, Թեհրանի հետ փոխգործակցությունը կշարունակվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարությունը, ինչը երկրի ինքնիշխան որոշումն է, և պաշտոնական Թեհրանը հարգում է այդ որոշումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը միաժամանակ ընդգծեց, որ հայ-իրանական առկա խոր համագործակցությունն ու դարավոր հարաբերությունները պարտավորեցնում են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը շարունակվի։
«Մենք վստահ ենք, որ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ ինքնության առումով ուժեղ Հայաստանի գոյությունն այս տարածաշրջանում օգնում է ապահովել նաև Իրանի ազգային երազանքները, ձգտումներն ու նպատակները»,- ասաց դեսպանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։