Ծնող պատճառներն ի հայտ կբերվեն և համարժեք քայլեր կարվեն. փոխնախարարը` զինվորի մահվան մասին

Արման Սարգսյանը ձեռնպահ մնաց զինծառայող Հակոբյանի մահվան հանգամանքների մասին այլ տեղեկություններ հայտնելուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի մահվան դեպքով կատարվում է քննություն, և բազմակողմանի ու օբյեկտիվ քննության արդյունքներով ծնող պատճառները, նպաստող պայմաններն ի հայտ կբերվեն, կարվեն համարժեք քայլեր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Ավելի վաղ` փետրվարի 26–ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Կա ձերբակալված անձ։
«Այս հանցագործությունն անհանգստացնում է ու շատ է անհանգստացնում։ Բնականաբար յուրաքանչյուր հանցագործության դեպք, առավելևս զինծառայողի մահվան դեպք, ցավ է պատճառում ու մտահոգությունների տեղիք տալիս, ու լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու անհարաժեշտության մասին է խոսում»,– հայտարարեց պաշտպանության փոխնախարարը։
Նա վստահեցրեց, որ բանակում հանցագործությունները կամ մահվան դեպքերը չեն ավելացել, ավելին` 2025 թվականն ավարտել են դեպքերի նվազումով։
Սարգսյանը ձեռնպահ մնաց զինծառայող Հակոբյանի մահվան հանգամանքների մասին այլ տեղեկություններ հայտնելուց։
Նշենք, որ ԶԼՄ–ները գրել էին, որ մահացած զինվորը 19 տարեկան էր, մահացել է Գեղարքունիքի մարզի N զորամասում` մեկ այլ զինծառայողի կրակոցից։