Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Իրանի նախագահին

ՀՀ վարչապետը նշել է, որ մեծ անհանգստությամբ է հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ Վարչապետը հավելել է, որ ՀՀ–ում մեծ անհանգստությամբ են հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
«Ընդունեք, խնդրեմ, իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար»,– ասված է հայտարարությունում։
Փաշինյանը բարեկամ Իրանի ժողովրդին մաղթել է խաղաղություն և տոկունություն։
Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում էր ցավակցություն հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների` այդ թվում կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: