ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ազիզ Նասիրզադեի զոհվելուց հետո Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Մաջիդ իբն ալ-Ռեզան։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հանրային կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային:
«Իրանի նախագահ Փեզեշքիանի հրամանագրով Մաջիդ իբն ալ-Ռեզան նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար»,-գրել է Թաբաթաբային X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: