Իրանը փորձում է այնպես անել, որ այս պատերազմը շատ թանկ նստի ԱՄՆ-ի վրա՝ թանկ ոչ միայն ռազմական, այլև տնտեսական և քաղաքական առումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
«Միակ բանը, որ կարող է կանգնեցնել Դոնալդ Թրամփին, օրինակ՝ նավթի գների կտրուկ ու երկարատև բարձրացումն է։ Մյուս կողմից այս ռազմական գործողությունն առանձնանում է նրանով, որ ԱՄՆ-ի ներսում դրա նկատմամբ շատ փոքր աջակցություն կա։ Նույնիսկ Թրամփի կողմնակիցների մոտ այն միտքն է պտտվում, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում փաստացի առաջնորդվում է ոչ թե իր սեփական, այլ Իսրայելի շահերով»,- նշեց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Խալաթյանի դիտարկմամբ՝ պաշտոնական Թեհրանը փորձում էր չգնալ էսկալացիայի, բայց Թրամփի վարչակազմի կողմից դա ընկալվում է որպես թուլության նշան։ Այդ պատճառով Իրանի իշխանություններն էլ հասկացել են, որ Թրամփի հետ «փափուկ» ձևերով արդյունքի չեն հասնի։ Փորձը ցույց է տալիս, որ հենց Թրամփը հանդիպում է լուրջ դիմադրության, հաճախ նահանջում է։
Վերլուծաբանը կարծում է՝ Իրանի համար այս կոնֆլիկտը գոնե «ոչ-ոքի» ավարտելու միակ ճանապարհը ցույց տալն է, որ պատրաստ են ավելի հեռուն գնալ, այլապես Թրամփի մոտ միշտ գայթակղություն է լինելու շարունակելու իր «հաղթանակների» շարքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։