Դեռ կան փողոցներ, որ պետք է մաքրվեն ավազից․ Կատվալյանը ներկայացրեց կատարած աշխատանքը

Երևան. Արխիվային լուսանկար
Ավինյանը հանձնարարեց առաջիկա 2 օրն արդեն ավարտել ավազից մաքրման աշխատանքները, քանի որ մարտի 7-ին էլ կանխատեսվում են ձյան տեղումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Երևանում դեռ մոտ 2 փողոց էլ կա, որտեղ ձնամաքրման աշխատանքներից հետո ավազ է մնացել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ԵԱՍՄ տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Հիմնական փողոցներում ավազից մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Ընդամենը 1-2 փողոց է մնացել, որ այդ ծանր ավազը չի մաքրվել»,- ասաց Կատվալյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչպես են մաքրվել ճանապարհները և որտեղ է մերկասառույց եղել։
Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ Դավթաշենի կամրջի վրա մերկասառույց է, ինչի հետևանքով մեքենաները պտույտներ էին տալիս և չէին կարողանում երթևեկել։
«Վերջին ձյան տեղումների ժամանակ ավազ չենք օգտագործել, բայց աղով մշակվել է։ Միայն Գայի պողոտայում է սառցակալում եղել, իսկ Դավթաշենի կամրջի տեսանյութն իրականությանը չէր համապատասխանում»,- պնդեց Կատվալյանը։
Ավինյանը հանձնարարեց առաջիկա 2 օրն արդեն ավարտել ավազից մաքրման աշխատանքները, քանի որ մարտի 7-ին էլ կանխատեսվում են ձյան տեղումներ։ Քաղաքապետը նաև առաջարկեց այս շաբաթ սկսել նաև ասֆալտապատման աշխատանքները։
Շինարարության և բարեկարգման վարչության ներկայացուցիչն էլ ընդգծեց, որ ասֆալտապատման հետ կապված կտրման աշխատանքներն այս գիշեր արդեն սկսվել են։ Ցերեկվա ժամերին կփորձեն կատարել ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ, բայց այն հատվածներում, որտեղ երթևեկությանը շատ չեն խանգարի։ Աշխատանքները ցերեկներն են անելու, քանի որ գիշերն օդի ջերմաստիճանը նվազում է։
Ավինյանը հանձնարարեց՝ պետք է բոլոր փողոցներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներից տեսանյութեր ունենալ ու պահպանել դրանք։
Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 16-ին կայացած խորհրդակցության ժամանակ Կատվալյանը վստահեցրել էր, որ մաքրման գործընթացը կավարտվի 1 շաբաթում։ Փետրվարի 23-ին էլ նա հայտարարեց, որ այդ շաբաթ ավազից մաքրման աշխատանքները կավարտվեն։ Նշել էր, թե տեխնիկայի խնդիր կա։