ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ FlyOne Armenia ավիաընկերությունը հատուկ չվերթ է իրականացնում Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան՝ ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով Հայաստան վերադարձնելու համար։ Ֆեյսբուքյան պաշտոնական էջում ավիաընկերությունը հայտնել է, որ չվերթը կիրականացվի մարտի 3-ին։
«Խորհուրդ ենք տալիս ամրագրել նախապես՝ Ձեր տեղը չվերթում ապահովելու համար»,- հայտնում են ավիաընկերությունից։
Ընկերության բջջային հավելվածում մարտի 3-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի ավիատոմսի արժեքը նշված է 1049 եվրոյից սկսած (ուսապարկով)։ Օրինակ, 25 կգ ուղեբեռի դեպքում ավելանալու է ևս 65 եվրո։ Բջջային հավելվածում ևս մեկ թռիչք նշված է մարտի 4-ին, ավիատոմսի արժեքը՝ 899 եվրոյից սկսած։
Առայժմ մեզ չի հաջողվել տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ով պետք է վճարի ավիատոմսի համար՝ ուղևո՞րը, թե՞ ՀՀ կառավարությունն է աջակցելու։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։