Արարատ Միրզոյանը զանգահարել է Իրանի արտգործնախարարին, ցավակցել նրան և օգնություն առաջարկել

Միրզոյանն Արաղչիին հայտնել է , որ ՀՀ–ն պատրաստ է Իրանին մարդասիրական աջակցություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների` այդ թվում կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ։ Այս մասին սոցցանցերի էջերով հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպանությունը։
«ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ այս պայմաններում անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա»,– ասված է հրապարակման մեջ։
Իր հերթին Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական ագրեսիային, նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր առաջնորդի համար։ Նա նշել է, որ այս պահին Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: