ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հունգարիան անպայման կճեղքի նավթային շրջափակումը, որն առաջացել է «Դրուժբա» խողովակաշարով Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցման դադարեցումից հետո։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ելույթ ունենալով Էստերգոմում նախընտրական միջոցառման ժամանակ՝ Օրբանն ընդգծել է, որ Կիևի գործողությունները համարում է Հունգարիայի վրա ճնշման ձև:
«Հիմա պետք է հաղթել այս ճակատամարտը... Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի։ Զելենսկին չի կարող շանտաժի ենթարկել Հունգարիային։ Հունգարիան մերժում է Զելենսկու պահանջները, և մենք անպայման ճեղքելու ենք նավթային շրջափակումը, դա շատ լուրջ պարտավորություն է», - հայտարարել է նա։
Օրբանը հավելել է, որ պայքարը բարդ է լինելու, քանի որ ուկրաինացիները ամեն ինչի պատրաստ են։
Նա հիշեցրել է նաև 2022 թվականի իրադարձությունները՝ հայտարարելով, որ այն ժամանակ պայթեցվել էր «Հյուսիսային հոսք» գազատարը։
«Դրուժբա» խողովակաշարը Կենտրոնական Եվրոպայի երկրներ, այդ թվում՝ Հունգարիա ռուսական նավթի մատակարարման առանցքային ուղիներից մեկն է։ Ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո էներգառեսուրսների տարանցումը բազմիցս դարձել է քաղաքական և տնտեսական վեճերի առարկա։
Հունգարիան շարունակում է ռուսական նավթ ստանալ «Դրուժբայի» հարավային ճյուղով և բազմիցս հայտարարել է, որ երկրի տնտեսությունը մեծապես կախված է այդ մատակարարումներից։ Բուդապեշտը նաև պարբերաբար դեմ է արտահայտվում Մոսկվայի դեմ էներգետիկ պատժամիջոցների ընդլայնմանը։