Իրանի ԶՈւ-ն լիարժեք պատասխան կտա ագրեսիային. ԱԳՆ

Իրանի ԱԳՆ–ն ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Վաշինգտոնի և Թել Ավիվի դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության զինուժն ամբողջ ուժով կպատասխանի ԱՄՆ-ին և Իսրայելին։ Այս մասին ասվում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի վերսկսած ռազմական ագրեսիան իրականացվում է մի իրավիճակում, երբ Իրանն ու ԱՄՆ-ն գտնվում էին դիվանագիտական գործընթացի կիզակետում։ Իմանալով ԱՄՆ–ի ու սիոնիստական ռեժիմի մտադրությունների մասին` մենք կրկին բանակցությունների մեջ մտանք միջազգային համակարգի և աշխարհի բոլոր երկրների հետ, որպեսզի ապացուցենք իրանական ազգի լեգիտիմությունը և ցույց տանք ագրեսիայի ցանկացած արդարացման ոչ լեգիտիմությունը», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իրանի ժողովուրդն անհրաժեշտ ամեն բան արել է պատերազմը կանխելու համար: Բայց հիմա եկել է հայրենիքը պաշտպանելու և թշնամու ռազմական ագրեսիային դիմակայելու ժամանակը։
«Ինչպես բանակցությունների դեպքում, մենք ավելի քան երբևէ պատրաստ ենք պաշտպանել իրանական ազգին։ Իրանի Իսլամական Հանրապետության զինուժը ագրեսորներին կպատասխանեն ամբողջ ուժով», - նշված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն նշել է նաև, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում են և ակնհայտ զինված ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Այս ագրեսիային պատասխանելը Իրանի օրինական և իրավաչափ իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:
Իրանի ԱԳՆ–ն ՄԱԿ-ին և այդ կառույցի անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խախտումներին հակազդելու համար:
«Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունները, հատկապես տարածաշրջանի երկրները և իսլամական պետությունները, Չմիավորման շարժման անդամները և բոլոր պետությունները, որոնք պատասխանատվություն են զգում միջազգային խաղաղության ու անվտանգության համար, պետք է վճռականորեն դատապարտեն ագրեսիայի այդ ակտը և շտապ ու հավաքական միջոցներ ձեռնարկեն դրան հակազդելու համար, որն անկասկած աննախադեպ սպառնալիքի տակ է դրել տարածաշրջանի և ամբողջ աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը», - նշված է տեքստում:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։