Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը քննարկել է Կանադայի ԱԳ նախարարի հետ

ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը հեռախոսով քննարկել է Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը: Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը, ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: