Անառակի կիրակի․ եթե ընկած ես, կարող ես ոտքի կանգնել

Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է օրվա խորհուրդը։
Sputnik
Մեծ պահքի երրորդ կիրակին անունը ստացել է աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձը» առակից, որտեղ պատմվում է, թե ինչպես մի մեծահարուստի կրտսեր որդին, վերցնելով իրեն հասանելիք հարստությունը, գնում է և վատնում է ամբողջ ունեցվածքը։
«Պահ է լինում, երբ ստիպված է լինում ճաշակելու խոզերի կերակուրը, այդքան ընկնում է անառակ որդին»,- ասում է տեր հայրը։
Դրանից հետո անառակ որդին տուն է վերադառնում, որտեղ հայրն ընդունում է նրան։
«Ասում է՝ Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո (հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ)։ Ինձ ընդունիր քեզ համար իբրև քո վարձկաններից, այլ ոչ թե որպես որդի։ Այս որոշումն իր համար շատ ճակատագրական է լինում դրական իմաստով։ Երբ տուն է վերադառնում, հայրը հեռվից տեսնում է իր զավակին, ճանաչում է նրան և ընդունում է իբրև իր որդուն, ասում է՝ «բերեք նրա պատմուճանը, բերեք նրա կոշիկները, իշխանության խորհրդանիշերը, որովհետև իմ այս որդին կորած էր և գտնվեց, մեռած էր և կենդանացավ»,- ասում է տեր Փառենը։
Անառակի կիրակին հաջորդում է Արտաքսման կիրակին․ օրվա խորհուրդն այն է, որ եթե դու արտաքսվել ես, ընկել ես, վերադառնալու հնարավորություն ունես, պիտի որոշում կայացնես, գնաս և ասես՝ «Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո», և ներողություն խնդրես։
Հիշեցնենք` Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն, սկսվել է փետրվարի 16-ին: Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 5-ին:
Պահքը մեր հոգու զորացման համար է. միասնական աղոթք Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում