ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը տարածաշրջանը մոտեցնում է աղետի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը` մեկնաբանելով Իրանի դեմ հարձակումը։
ԱԳՆ-ն նշել է, որ անխոհեմ քայլին նախորդած ռազմաքաղաքական և քարոզչական նախապատրաստությունների մասշտաբն ու բնույթը, ներառյալ տարածաշրջանում ԱՄՆ-ի խոշոր ռազմական խմբավորման կենտրոնացումը, կասկած չեն թողնում, որ խոսքը ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան և անկախ պետության դեմ նախապես ծրագրված և չհրահրված զինված ագրեսիայի մասին է, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:
«Դատապարտման է արժանի նաև այն փաստը, որ հարձակումները կրկին իրականացվում են վերսկսված բանակցային գործընթացի (որն իբր կոչված է ապահովելու Իրանի շուրջ իրավիճակի երկարաժամկետ կարգավորումը) քողի տակ և հակառակ ռուսական կողմին փոխանցված այն ազդակների, թե իսրայելցիները շահագրգռված չեն իրանցիների հետ ռազմական առճակատման հարցում», - նշել են ԱԳՆ-ում:
Մոսկվայի կարծիքով՝ միջազգային հանրությունը՝ ներառյալ ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը, պարտավոր է անհապաղ օբյեկտիվ և անզիջում գնահատական տալ անպատասխանատու գործողություններին, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքի խաղաղության, կայունության և անվտանգության կործանմանը:
«Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական անգամ վտանգավոր արկածախնդրություն են սկսել, որը տարածաշրջանն արագորեն մոտեցնում է հումանիտար, տնտեսական և, չի բացառվում, ռադիոլոգիական աղետի: Ագրեսորների մտադրությունները հասկանալի են և նրանց կողմից հայտարարվում են բավականին բացահայտ՝ քանդել սահմանադրական կարգը և ոչնչացնել իրենց համար անցանկալի պետության ղեկավարությանը, որը հրաժարվել է ենթարկվել ուժային թելադրանքին և հեգեմոնիզմին», - ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանում համարում են, որ մարդածին ճգնաժամի բացասական հետևանքների պատասխանատվությունը՝ ներառյալ անկանխատեսելի շղթայական ռեակցիան և բռնության պարուրաձև աճը, ամբողջությամբ ընկած է ԱՄՆ–ի և Իսրայելի վրա:
«Ամերիկա–իսրայելական տանդեմը քողարկվում է կեղծ մտահոգությամբ, թե իբր իրանցիները չպետք է միջուկային զենք ունենան: ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունն անթույլատրելի է: Իրականում Վաշինգտոնն ու Թել Ավիվն ունեն դրդապատճառներ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն չտարածման ռեժիմի հետ: Նրանք չեն կարող չհասկանալ, որ Մերձավոր Արևելքն անվերահսկելի էսկալացիայի անդունդը գցելով` նրանք, ըստ էության, խրախուսում են աշխարհի, մասնավորապես տարածաշրջանի երկրներին ձեռք բերել ավելի ու ավելի հզոր միջոցներ՝ ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու համար»,- ասված է հայտարարությունում։
Մոսկվայում առանձնակի անհանգստություն է առաջացնում վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ վարչակազմի կողմից աշխարհակարգի միջազգային իրավական հենասյուների դեմ իրականացված ապակայունացնող հարձակումների շարքը։
«Պահանջում ենք իրավիճակն անհապաղ վերադարձնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն: Ռուսաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է աջակցել միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության հիման վրա խաղաղ հանգուցալուծումների որոնմանը», - ընդգծել են գերատեսչությունում:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։