ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանին «կանխարգելիչ» հարված է հասցվել։ Իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։
«Որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը ռազմական խոշոր գործողություններ են սկսել Իրանում։ Մենք պատրաստվում ենք ոչնչացնել նրանց ռազմածովային նավատորմը», - հայտարարել է Թրամփը «Truth Social»–ում:
Նրա խոսքով՝ գործողությունն ուղղված է «իրանական ռեժիմի կողմից սպառնալիքի վերացմանը»: Նախագահը հայտարարել է, որ Իրանը մշակում է հեռահար հրթիռներ, որոնք սպառնալիք են ԱՄՆ-ի և այլ երկրների համար: Թրամփն ընդգծել է, որ գործողության ընթացքում ամերիկյան ուժերը մտադիր են ոչնչացնել իրանական հրթիռները։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ի նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին։
«Իրանական ռեժիմի գործունեությունն ուղղակիորեն սպառնում է Միացյալ Նահանգներին, մեր զորքերին, արտերկրում գտնվող մեր բազաներին և ամբողջ աշխարհի մեր դաշնակիցներին», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նա Իրանին մեղադրել է Մերձավոր արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի, ինչպես նաև միջազգային ծովային ուղիներում ամերիկյան ռազմածովային և առևտրային նավերի վրա բազմաթիվ հարձակումների մեջ:
«Միացյալ Նահանգների, մասնավորապես իմ վարչակազմի քաղաքականությունը միշտ եղել է այն, որ այդ ահաբեկչական ռեժիմը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ: Կրկնում եմ` նրանք երբեք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Հենց այդ պատճառով անցյալ տարվա հունիսին «Կեսգիշերային մուրճ» գործողության ընթացքում մենք ոչնչացրեցինք ռեժիմի միջուկային ծրագիրը Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում»,– ասել է նա։
Ըստ Թրամփի` ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին, որ երբեք չվերսկսի միջուկային զենք ձեռք բերելու ձգտումները, և բազմիցս փորձել է գործարք կնքել:
«Նրանք չուզեցին դա անել։ Նրանք մերժեցին իրենց միջուկային հավակնություններից հրաժարվելու յուրաքանչյուր հնարավորություն, և մենք այլևս չենք կարող դա հանդուրժել: Փոխարենը նրանք փորձեցին վերականգնել իրենց միջուկային ծրագիրը և շարունակել մեծ հեռահարության հրթիռների մշակումը, որոնք այժմ կարող են սպառնալ Եվրոպայում մեր բարի ընկերներին և դաշնակիցներին, արտերկրում տեղակայված մեր զորքերին և շուտով կարող են հասնել ԱՄՆ տարածք», - հայտարարել Է Թրամփը:
ԱՄՆ նախագահը միաժամանակ խոստովանել է, որ գործողության ընթացքում ամերիկյան զինծառայողների շրջանում զոհեր կլինեն։
Հիշեցնենք` Թրամփն այս գիշեր հայտարարել էր, որ Իրանի հարցով բարդ որոշում է կայացվել։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն էլ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են, կոչ է արել անհապաղ լքել երկիրը: