ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Կուրսկի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
Այսօր ավելի վաղ Խինշտեյնը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կուրսկի վրա, քաղաքի թաղամասերից մեկում կան տուժածներ։
«Թշնամական անօդաչուն հարձակվել է Սեյմսկի շրջանում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի տարածքի վրա։ Ցավոք, ավտոտեխսպասարկման կենտրոնի 25-ամյա աշխատակիցը զոհվել է»,-հայտնել է Խինշտեյնն իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ զոհվածի ընտանիքին կցուցաբերվի անհրաժեշտ ամբողջ աջակցությունը։
«Եվս երեք տղամարդ, որոնց թվում՝ ավտոտեխսպասարկման կենտրոնի երկու հաճախորդ, վիրավորվել են, նրանք բեկորային վնասվածքներ ունեն։ Նրանց առաջին օգնություն է ցուցաբերվել, և այս պահին տեղափոխվում են Կուրսկի մարզային հիվանդանոց»,-հավելել է տարածաշրջանի ղեկավարը։
Մարզպետի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։