ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար «TikTok» սոցիալական ցանցում «Այվազովսկիյ» էջի օգտատիրոջ` Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք: Այս մասին հայտնում է Եղյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը։ Հայկ Եղյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։
«Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։ Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, միայն այն բանի համար, որ վերջինս տիկտոկյան հարթակում ծափահարել և մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաև կոշտ քննադատական խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար»,– մանրամասնել է փաստաբանը։
Նրա խոսքով` պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե՛ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե՛ խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը, թե՛ կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը, սակայն դատարանը տնային կալանք է կիրառել։
Երիցյանը հիշեցրել է, իր պաշտպանյալին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։