Սաստիկ բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը. ի՞նչ վիճակ է ՀՀ մյուս ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ժամը 19:40-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածոտնի մարզում դժվարանցանելի են Ալագյազ–Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները։
Այս պահին ձյուն է տեղում Նաիրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: