Հայաստանը դիմավորում է ռիթմերով. «Զվարթնոց» օդանավակայանը դարձել է համերգային հարթակ

Նախագիծը մեկնարկել է հունվարին և կշարունակվի մինչև մարտի վերջ։
Sputnik
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տոնական մթնոլորտ է: Երևան ժամանող հյուրերին դիմավորում են ոչ միայն ավանդական «բարի գալուստ»-ով, այլև կենդանի երաժշտությամբ:
«Երաժշտական օդանավակայան» նախագծի շրջանակում հունվարից սկսած՝ ամեն ուրբաթ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի են ունենում համերգներ: Թվով 8-րդ համերգը տվել է «High Time Project» խումբը։
«Կերոն» հիմնադրամի նախագծերի մենեջեր Մարիա Ալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ կազմակերպությունը Երևանում տարբեր երաժշտական նախաձեռնություններ է իրականացնում։ Նախկինում ամառային համերգներ էին, այնուհետև համագործակցություն սկսեց Երևանի մետրոպոլիտենի հետ, իսկ այժմ գործում է նաև օդանավակայանում:
Նախագիծը մեկնարկել է հունվարին և կշարունակվի մինչև մարտի վերջ։ Յուրաքանչյուր համերգի տևողությունը մոտ 40 րոպե է:
«Փորձում ենք կազմակերպել պիկ ժամերին, երբ ավելի շատ չվերթեր և ուղևորներ կան, որպեսզի Հայաստանի հնարավորինս շատ հյուրեր կարողանան դիտել համերգը», - նշեց Ալոյանը:
Ամեն շաբաթ ելույթ է ունենում որևէ խումբ, երգացանկը պարբերաբար թարմացվում է։
Մանրամասները՝ տեսանյութում: