Սպասում ենք վրացական կողմի պարզաբանմանը. Պապոյանը` Կոբիում մնացած բեռնատարների մասին

Պապոյանի խոսքով` վրացական կողմի տվյալներով՝ ֆինանսական ոստիկանությունը որոշակի ռիսկեր է բացահայտել հայկական բեռնատարների հետ կապված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Երևանը սպասում է վրացական կողմից պարզաբանմանը կապված Կոբի քաղաքի տերմինալում (TIR-պարկ) հայկական բեռնատարները կանգնեցնելու հետ։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հայտնել էինք, որ հայ տարբեր արտահանողների ավելի քան 100 բեռնատար, որոնք հիմնականում բեռնված են շինանյութերով, մնացել են Վրաստանի տարածքում։ Փոխադրողներն ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էին, որ խնդիրը ծագել է փետրվարի 12-ին. բեռնատարները կանգնեցվել են Կոբի քաղաքի տերմինալում (TIR-պարկ), որը գտնվում է «Վերին Լարս» անցակետի մոտ (Կազբեգ): Վարորդները պնդում էին, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն ունեցել. ձգձգման պատճառների հստակ բացատրություն վրացական կողմն իրենց չի տրամադրել:
Պապոյանը նշեց, որ հայկական կողմի համար անհասկանալի է ստեղծված իրավիճակը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ Երևան ժամանած Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիից խնդրի վերաբերյալ պարզաբանում է խնդրել։ Վրացի գործընկերը նշել է, որ խնդիրը կապված չէ իրենց գերատեսչության հետ. հայկական բեռնատարներին կանգնեցրել է Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը, որը ենթակա է ֆինանսների նախարարությանը։
Ըստ Պապոյանի` վրացական կողմի տվյալներով՝ ֆինանսական ոստիկանությունը որոշակի ռիսկեր է բացահայտել։
«Ես վրացի գործընկերոջս խնդրել եմ պարզաբանել, թե այդ ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի մեր տնտեսվարողները իմանան՝ ինչ կարելի է և ինչ չի կարելի արտահանել։ Ինչպես նաև պարզաբանել, թե ի՞նչ են արել մեր տնտեսվարողները, որոնց պատճառով այդ մեքենաները կանգնած են», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը դեռևս պարզաբանում չի ստացել հայ արտահանողների կողմից թույլ տրված կոնկրետ խախտումների վերաբերյալ, այդ իսկ պատճառով տրանսպորտային միջոցները շարունակում են մնալ Վրաստանում։
Լրագրողների այն հարցերին, թե հնարավո՞ր է այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, Պապոյանը ձեռնպահ մնաց որևէ մեկնաբանություն տալուց։
Նա ընդգծեց, որ խնդրել է հստակ նշել յուրաքանչյուր բեռնատարի վարորդի կողմից թույլ տրված կոնկրետ խախտումները։
«Մի բան է, երբ մեր բեռնատարները կանգնեցվում են առանց որևէ խնդրի, և բոլորովին այլ բան է, երբ կան իրական խախտումներ», - նշեց Պապոյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ որոշ բեռնատարների թույլատրվել է հատել հայկական սահմանը, բայց որոշները դեռ կանգնած են վրացական կողմում։
Հիշեցնենք` տարանցման խնդրին հայկական բեռնատարները բախվել էին դեռ 2025 թվականի գարնանն ու ամռանը՝ կապված կոնյակի և հեղուկ գազի մատակարարման հետ։ Սա այս տարվա առաջին նման դեպքն է։